14.04.2020

Մեկ անձ ձերբակալվել է՝ Գյումրիում ոստիկանության ծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

Մեկ անձ ձերբակալվել է՝ Գյումրիում ոստիկանության ծառայողների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում ծառայություն իրականացնող երկու ոստիկան տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ. ոստիկաններից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, իսկ մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր:

ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապահապարեկային ծառայության տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ից, Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները ծառայություն են իրականացրել Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում:

Ժամը 14:30-ի սահմաններում, «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չլինելու հանգամանքով պայմանավորված, իրավախախտումն արձանագրելու նպատակով, ոստիկանի կողմից կանգնեցվել է հիշյալ ավտոմեքենան: Ոստիկաններն օրենքով սահմանված կարգով վարորդին պարզաբանել են, որ նա երթևեկել է առանց ամրագոտիներն ամրակապելու՝ պահանջելով ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար: Ի պատասխան՝ նշված ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկանության երկու ծառայողներին, ապա սկսել է դանակը թափահարել ներկա մյուս ոստիկանների ուղղությամբ՝ առերևույթ նրանց նկատմամբ գրծադրելով բռնություն, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին, որոնցից մեկը ձերբակալվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: