24.02.2025

Հայտարարություն՝ «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու մասին

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպության) տնօրենի (այսուհետ՝ տնօրեն) պաշտոնը զբաղեցնելու համար  մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) անցկացման և մրցութային հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու մասին:

Գործառույթների համառոտ նկարագիրը.

Տնօրենը ղեկավարում է կազմակերպության գործունեությունը, կազմակերպում է կադրերի ընտրությունը, վերապատրաստումը և կատարելագործումը, աշխատանքի է նշանակում ու աշխատանքից ազատում է իր տեղակալներին, կազմակերպության բաժինների ղեկավարներին, կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր, սահմանում է կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը, հաստատում է բաժինների կանոնակարգերը, կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը և կազմակերպում ու իրականացնում է անհրաժեշտ հսկողություն դրանց պահանջների կատարման նկատմամբ, ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ապահովում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնում լիազորված մարմին ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ մարմինների, օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Աշխատավարձը կազմում է 1.880.000 ՀՀ դրամ:

Մրցույթն անցկացվելու է 2 (երկու) փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Մրցույթի թետավորման փուլը տեղի կունենա 2025 թվականի մարտի 25-ին, ժամը 14:30-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2025 թվականի մարտի 28-ին, ժամը 14:30-ին, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքում՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5 հասցեում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամարներ՝ /012/ 515-338, /012/ 515-339՝ kadrer@investigative.am:

Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. փետրվարի 25-ից մարտի 17-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով kadrer@investigative.am պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, կամ առձեռն՝ վերոնշյալ օրերին ժամը 10:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթի մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել բարձրագույն կրթություն ունեցող՝ ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փորձաքրեագիտական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են մրցույթի մասնակցության հայտեր ներկայացնելիս.

  •  լրացված դիմում (ձև 1),
  • ինքնակենսագրություն (ձև 2)` (ձեռագիր՝ գրել անձամբ, լուսանցքը պահելով), որը ներառում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կրթությունը (նշելով դպրոցի, բարձրագույն և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության անվանումը, ընդունվելու և ավարտելու տարեթվերը), զինված ուժերում ծառայությունը (կամ չծառայելը՝ նշելով պատճառը)՝ եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է, աշխատանքային փորձը՝ կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած պաշտոններն՝ ըստ ժամանակագրության, փաստացի բնակության և հաշվառման հասցեն, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամների (ամուսին (կին), զավակ, ծնողներ, քույր (քույրեր), եղբայր (եղբայրներ)) տվյալները՝ նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, ստորագրությունը և ինքնակենսագրության ամսաթիվը՝ դիմումը ներկայացնելու օրվանով:
  • 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային),
  • անձնագիր և սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու վերաբերյալ տեղեկանք) կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը),
  • տեղեկանք հաշվառման վայրից (եթե ներկայացվել է միայն նույնականացման քարտ) և/կամ փաստացի բնակության վայրից (եթե բնակության վայրը տարբերվում է հաշվառման վայրից),
  • բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը):
  • աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ),
  • պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (զինվորական գրքույկի պատճենը) կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե հայտատուն արական սեռի ներկայացուցիչ է),
  • ամուսնության վկայականի (պետական վկայական ամուսնության մասին) կամ ամուսնալուծության վկայականի (պետական վկայական ամուսնալուծության մասին) պատճենը,
  • վերը թվարկված փաստաթղթերի շարքում օտարալեզու փաստաթղթերի առկայության դեպքում ներկայացնել նաև դրանց նոտարական հաստատումով՝ հայերեն թարգմանված տարբերակը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Դիմումը (ձև 1), ինքնակենսագրությունը (ձև 2), թեստային առաջադրանքի նմուշը (ձև 3) կցված են.

Դիմումներն ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված:

Թեստավորումն անցկացվում է գրավոր, թեստը բաղկացած է 80 հարցից, որոնց լուծման համար տրամադրվում է 120 րոպե: Թեստավորումն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Թեստավորման փուլի թեստերը մասնակիցների ներկայությամբ ձևավորվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար՝ Սահմանադրություն, Աշխատանքային և ՀՀ քաղաքացիական օրենսգրքեր, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներ:

Թեստավորման փուլի արդյունքների մասին թափուր պաշտոնի համար դիմած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստի արդյունքներն ամփոփելուն հաջորդող երկու աշխատանքային ժամվա ընթացքում: Թեստավորման փուլն անցած մասնակիցների ցուցակը հրապարկվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջերում (www.investigative.am):

Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում հարցերի առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները: Թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու հարցազրույցի փուլին:  Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը տեղադրվում է նաև ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջերում (www.investigative.am):

Հարցազրույցի փուլն իր մեջ ներառում է`

1) մասնագիտական գիտելիքների ստուգում.

2) հմտությունների (օրինակ՝ առաջնորդում, ռազմավարական պլանավորում, վերլուծական մտածողություն, որոշումների կայացում, հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, փոփոխությունների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ժամանակի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետում, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, օտար լեզվի իմացություն) ստուգում.

3) անձնական որակների բացահայտում (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն).

4) հայեցակարգի ներկայացում:

Մասնագիտական գիտելիքների և հմտությունների շրջանակը ներառում է նաև թեստավորման համար նախատեսված իրավական ակտերի շրջանակից հարցեր:

Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ, պարունակի համապատասխան պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը, ինչպես նաև ներառի համապատասխան պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Հարցազրույցի փուլի մասնակիցները ոչ ուշ, քան մինչև 2025թ. մարտի 27-ը՝ հարցազրույցի փուլից մեկ աշխատանքային օր առաջ, պետք է hանձնաժողովին ներկայացնեն «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով կարող են դիմել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։ Հասարակական կազմակերպությունների կողմից դիմումների ընդունման վերջնաժամկետ է հանդիսանում 2025թ. մարտի 17-ը: