25.11.2023

Ավազակային հարձակում որդու կողմից՝ մոր նկատմամբ. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ավազակային հարձակում որդու կողմից՝ մոր նկատմամբ. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ վերջինիս որդու կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու (ավազակություն) դեպքի հանգամանքները:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 62-ամյա բնակչուհու 28-ամյա որդին մորից պահանջել է իրեն գումար տալ։ Բացասական պատասխան ստանալով, ավազակություն կատարելու դիտավորությամբ, երիտասարդը հարձակվել է մոր վրա, քաշքշել նրան, նախ խլել պայուսակը, ապա ձեռքով հարվածելով նրան գցել է բազմոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ երիտասարդը մոր պայուսակից հափշտակել է զգալի չափերի՝ 340 ԱՄՆ դոլար և 15.000 ՀՀ դրամ, ինչին մայրը փորձել է դիմադրել. տեղից բարձրանալով ու որդու հագուստից քաշքշելով՝ փորձել է հետ վերցնել գումարը, սակայն վերջինս, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, մորը կրկին հրելով գցել է բազմոցին և, պատուհանից դուրս գալով, փախուստի է դիմել՝ մորը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Վարույթի շրջանակներում նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ թեև երիտասարդը քրոնիկ հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության հիվանդագին խանգարմամբ չի տառապում, սակայն նրա մոտ հայտնաբերվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ առաջացած մի քանի թմրամիջոցների միաժամանակյա օգտագործումից և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործումից, նախկին դասակարգմամբ՝ «թմրամոլություն»», ախտորոշմամբ նարկոլոգիական հիվանդություն։ Նա իրեն մեղսագրվող արարքների կատարման պահին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագիտական եզրակացությամբ` անձն իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոցներ, համակցությամբ, կիրառվել են բացակայելու մասին արգելքը և գրավը՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:

Նախաքննությունն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: