Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է Եղեգնաձորի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունը

07.07.2021 12:07

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գետափ գյուղի 35-ամյա բնակիչը, Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ իր հոր առողջությանը ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ հոր մահն առաջացնելու կապակցությամբ, նրա 43-ամյա եղբոր հետ գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, 2021թ. ապրիլի 5-ին՝ հոր մահվան քառասունքի ծիսական արարողության օրը, գտնվելով ոչ սթափ վիճակում, որոշել է վրեժխնդիր լինել: Այդ նպատակով նա նույն քաղաքում գործող առևտրի սրահից գնել է գաղտնի փականով ծալովի դանակ, որից հետո նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, իր վարած «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Երևանյան խճուղում գործող՝ Եղեգնաձոր քաղաքի 45-ամյա բնակչին պատկանող և նրա եղբոր կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետ: Հանդիպելով վերջինիս՝ իր հոր մահվան կապակցությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար պահանջել է առանձնանալ: 43-ամյա տղամարդն առաջարկել է զրուցել ավտոտեխսպասարկման կետի ներսում գտնվող սենյակում, որտեղ վերջիններիս միջև զրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 35-ամյա տղամարդը, Եղեգնաձոր քաղաքի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հրել և գցել է նրան սենյակում գտնվող բազկաթոռի վրա և իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ հասցրել վերջինիս կենսականորեն կարևոր օրգանների շրջաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 35-ամյա տղամարդու եղբայրը և հորեղբոր որդին, ովքեր հեռախոսազանգով տեղեկացվել և ժամանել էին ավտոտեխսպասարկման կետ, միջամտել են և կանխել:

Եղեգնաձոր քաղաքի բնակչի ուղղությամբ դանակի հարվածներ հասցնելիս՝ 35-ամյա տղամարդը պատահաբար նույն դանակով մեկ անգամ հարվածել է նաև վիճաբանությանը միջամտած իր հորեղբոր որդուն ՝ անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                                                                     

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի