Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Պարզվել են պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք

23.01.2017 16:41

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Սերժանտ Արայիկ Սարգսյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի՝ որովայնի շրջանում վնասվածքն ստացել է՝ նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողը, վերցնելով ծառայակցին ամրակցված ինքնաձիգը, մասամբ հանել է փամփշտատուփը և կատարել լիցքավորման գործողություն, ապա կարծելով, որ ինքնաձիգի փամփշտանոց փամփուշտ չի մտել, սեղմել է ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող Ա.Սարգսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի