ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 18-րդ մասը և ղեկավարվելով 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):
2.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Թամազյանին` «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո ապահովել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորման անցկացումը:
3.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի «27» -12- 2014թ.
թիվ 18 Լ հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) որակավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կարգը:
2.Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և իրավական այլ ակտերով:
3. Հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել Կոմիտեում ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման տարեկան և լրացուցիչ ստուգումները,
2)ապահովել Կոմիտեում ատեստավորման ենթակա ծառայողների ատեստավորում անցկացնելու գործընթացը,
3)ապահովել Կոմիտեի ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորումը,
4)ապահովել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված լիազորությունների իրականացումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5.Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:
6.Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
7.Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8.Հանձնաժողովի նիստերը սղագրման եղանակով արձանագրում է Հանձնաժողովի նիստերի քարտուղարը:
9.«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-ից 19-րդ կետերով նախատեսված Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը կազմակերպում է Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
10.Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,
2) վարում է Հանձնաժողովի նիստերը,
3)կազմակերպում է Կոմիտեի թեկնածությունների ցուցակի համալրման, Կոմիտեի ծառայողների ատեստավորման և ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման աշխատանքները,
4)ամփոփում և հայտարարում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման, ծառայողների ատեստավորման արդյունքները,
5)իրականացնում է սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
11.Հանձնաժողովի անդամը`
1)Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է նիստերը,
2)մասնակցում է Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող գրավոր քննությանը և Կոմիտեի ծառայողների ատեստավորմանը, ստուգում է նրանց գիտելիքները,
3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը,
4)մասնակցում է գրավոր քննության և ատեստավորման արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտատուի կամ ծառայողի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին,
6)իրականացնում է սույն կարգով և իրավական այլ ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12.Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը (այսուհետ` Թեկնածությունների ցուցակ) համալրում է Հանձնաժողովը` տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:
13.Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:
14.Հանձնաժողովը Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ, առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում /www.azdarar.am/ և Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին` նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
15.Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
VII. ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
16.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող գրավոր քննության հարցաշարը կազմվում է նախօրոք, հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից և քննությունից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:
17.Հարցաշարը բաղկացած է երեք հարյուր հարցից, որոնք ընդգրկում են հետևյալ բնագավառները`
1)Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ հիսուն հարց,
2)Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն` հարյուր հարց,
3)Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք` հարյուր հիսուն հարց:
18.Հանձնաժողովը, մինչև գրավոր քննությունը, համակարգչում զետեղված կամ թղթային տարբերակով կազմված հարցաշարից, պատահական ընտրությամբ, ընտրում է գրավոր քննություն անցկացնելու համար հարցեր և կազմում հայտատուների քանակին համապատասխան հարցատոմսեր՝ հետևյալ չափաբաժիններով.
1)Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ մեկ հարց,
2)Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն` մեկ հարց,
3)Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք` մեկ հարց:
VIII.ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
19.Գրավոր քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:
20.Հավակնորդը գրավոր քննությանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել քննասենյակ:
21.Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է գրավոր քննությունը սկսելուց 10 րոպե առաջ:
22.Գրավոր քննության մասնակիցներին արգելվում է քննասենյակ բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
23.Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է գրավոր քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում մասնակիցների հարցերին:
24.Քննասենյակում յուրաքանչյուր հավակնորդ զբաղեցնում է առանձին գրասեղան։
25.Քննության տևողությունը երկու ժամ է։
26.Մինչև քննության սկիզբը յուրաքանչյուր հավակնորդ Հանձնաժողովի քարտուղարից ստանում է ծրար, որը պարունակում է`
1)հարցատոմս,
2)Հանձնաժողովի կողմից դրոշմված, ծածկագրված տետր,
3)գրիչ:
Հանձնաժողովի քարտուղարը քննության ավարտից 10 րոպե առաջ մասնակիցներին հիշեցնում է մնացած ժամանակի մասին:
27.Աշխատանքն ավարտելուց կամ գրավոր քննության համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո, մասնակիցը Հանձնաժողովի քարտուղարին է հանձնում ծածկագրված տետրը և ծրարը:
28.Քարտուղարն աշխատանքը պատճենահանման սարքի միջոցով պատճենահանելուց հետո պատճենը հանձնում է մասնակցին, իսկ ծրարավորված բնօրինակը` Հանձնաժողովի նախագահին:
29.Սույն բաժնում նշված պահանջները խախտելու դեպքում Հանձնաժողովը դադարեցնում է հայտատուի մասնակցությունը քննությանը, աշխատանքը ճանաչում է անվավեր և գնահատում զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում մասնակցի գրավոր աշխատանքի վրա և կազմում համապատասխան արձանագրություն:
IX. ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
30.Հանձնաժողովը հայտատուի գրավոր աշխատանքը ստուգելիս գնահատում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը:
31.Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումները, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:
32.Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները։
33.Հարցատոմսը գնահատվում է յոթանասունհինգ բալային համակարգով:
34.Հարցատոմսի յուրաքանչյուրը հարցի պատասխանը գնահատվում է առավելագույնը քսանհինգ միավոր:
35.Տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփվելուց հետո:
36.Գրավոր աշխատանքը գնահատվում է զրո միավոր, եթե այն ներկայացվել է չծածկագրված, չդրոշմավորված տետրով, այլ գրիչով գրված կամ այլ անհատականացնող նշումներով:
37.Կոմիտեի ծառայողների Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները հրապարակվում են մինչև անցկացման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:
38.Թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքները՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար ստացած գնահատականը և հավակնորդների հանրագումարային միավորները , հրապարակվում են Հանձնաժողովի նախագահի կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամի կողմից:
39.Հանձնաժողովի դրական եզրակացությունն են ստանում և Թեկնածությունների ցուցակում են ընդգրկվում գրավոր քննության արդյունքում անցողիկ հիսուն և ավելի առավելագույն միավորներ հավաքած հայտատուները` համալրման ենթակա տեղերի քանակին համապատասխան:
40.Թեկնածությունների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ցուցակը ներկայացվում է արդարադատության ակադեմիա:
41.Հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և Թեկնածությունների ցուցակը կազմելու ընթացակարգը:
42.Հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկվում է Հանձնաժողովի կողմից:
X. ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
43.Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև` ծառայողական առաջխաղացման նպատակով:
44.Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա` Կոմիտեի ծառայողների (այսուհետ` Ծառայողներ) ցուցակը:
Ատեստավորման անցկացման ժամանակը սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով:
45.Ատեստավորման ենթակա Ծառայողները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կողմից ծանուցվում են ատեստավորում անցկացնելու ժամանակի մասին` նրանցից ստորագրություն վերցնելով:
46.Ատեստավորման օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ, Ծառայողի անմիջական ղեկավարը, Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Ծառայողի ծառայողական բնութագիրը:
47.Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ Ծառայողի մասին` ծննդյան թիվը, ազգությունը, կրթությունը, այլ մարմիններում և զբաղեցրած պաշտոնում աշխատանքային ստաժը, նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ունեցած խրախուսանքներն ու կարգապահական տույժերը, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է ծառայողի անմիջական ղեկավարի կողմից տրված եզրակացության վրա, որը տրվում է նշանակումից կամ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների հիման վրա:
48.Ծառայողի աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկությունների բնութագրումը պետք է լինեն հստակ, հիմնավոր և օբյեկտիվ: Ծառայողական բնութագրում նշվում են ինչպես նրա դրական հատկանիշները, այնպես էլ աշխատանքում և վարքագծում թույլ տրված խախտումները, թերություններն ու բացթողումները: Անմիջական ղեկավարի կողմից բնութագրի չափանիշների անտեսումը կամ սահմանված կարգի խախտմամբ բնութագիրը ներկայացնելը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում:
49.Ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:
50.Նախքան ատեստավորումը, Հանձնաժողովի քարտուղարն ապահովում է հանձնաժողովի անդամների ներկայությունը, ստուգում է ատեստավորվողների ներկայությունը, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարվում է ատեստավորման սկիզբը:
51.Ծառայողն ատեստավորմանը ներկայանում է անձամբ` Ծառայողի իր վկայականով: Ատեստավորմանն անհարգելի պատճառով չներկայանալը համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
52.Ծառայողը Հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:
53.Ծառայողին արգելվում է մտնել ատեստավորման անցկացման սենյակ՝ իր մոտ ունենալով տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:
54.Ատեստավորումն անցկացվում է հարցազրույցի եղանակով:
55.Հարցազրույցն սկսվում է ատեստավորվող ծառայողի վերաբերյալ փաստաթղթային տվյալների ստուգմամբ:
56.Հարցազրույցի փուլը Ծառայողի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է` հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով:
57.Հարցազրույցի ծրագիր-հարցաշարը հաստատում է Կոմիտեի նախագահը: 58.Ծառայողին հնարավորություն է ընձեռվում, ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին:
59.Յուրաքանչյուր ծառայողի հարցազրույցն անցկացվում է առանձին:
60.Ծառայողների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
61.Հանձնաժողովը, յուրաքանչյուր ծառայողի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ համակարգչում նախապես զետեղված կամ թղթային տարբերակով կազմված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս՝ հետևյալ չափաբաժիններով.
1)Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից 1 հարց,
2)Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների և դրանց վերաբերալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից՝ 1 հարց,
3) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունից՝ 2 հարց,
4) Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքից՝ 2 հարց,
5)քննչական տակտիկայի և մեթոդիկայի բնագավառից՝ 1 հարց:
62.Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանները:
63.Ծառայողը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:
64. Հարցազրույցի ընթացքում ծառայողի կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր: Հարցազրույցի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ծառայողին կարող է տալ առավելագույնը երկու հարց: Յուրաքանչյուր հարցից հետո, հարց տվող Հանձնաժողովի անդամը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ նշվում է ճիշտ պատասխանը: Հարակից հարցերի ընդհանուր քանակը չի կարող գերազանցել տասը հարցը:
65.Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է, կարող է կիրառվել նաև ձայնագրություն:
66.Արձանագրության մեջ նշվում է ծառայողին տրված հարցերի և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը: Արձանագրության տակ ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, անդամները և նիստերի քարտուղարը:
67.Հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է ‹‹Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը՝
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
2)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում,
3)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով,
4)համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին,
5)չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին,
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:
68.Տրված հարցերի ընդհանուր քանակի`
1)50 %-ից պակաս ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է ‹‹չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով պաշտոնից ազատելու մասին›› որոշումը,
2)50-ից մինչև 60 % ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է ‹‹չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին›› որոշումը,
3)60-ից մինչև 70 % ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով›› որոշումը,
4)70-ից մինչև 90% ճիշտ պատասխանելու դեպքում ընդունում է ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին›› որոշումը,
5)90% և բարձր ճիշտ պատասխանելու դեպքում` կարող է ընդունել ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին›› կամ ‹‹համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին ներառելով` քննչական կոմիտեի ծառայողական առաջխաղացման ցուցակում›› որոշումներից որևէ մեկը:
69.Հանձնաժողովը ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները: Հանձնաժողովի կայացրած որոշումը Ծառայողին հայտնվում է հանձնաժողովի կողմից` ատեստավորման ավարտից անմիջապես հետո: Ատեստավորման ավարտից հետո յուրաքանչյուր Ծառայողի համար կազմվում է ատեստավորման ամփոփման թերթ, որտեղ առնվազն նշում են Ծառայողի անձնական տվյալները, զբաղեցրած պաշտոնը, ատեստավորման արդյունքները, Հանձնաժողովի կայացրած որոշումը:
Ատեստավորման թերթը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
70.Ծառայողն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է արդյունքները եռօրյա ժամկետում բողոքարկել Կոմիտեի նախագահին:
71.Ծառայողի ատեստավորման արդյունքերը և Հանձնաժողովի ընդունած որոշումները գնահատագրում ներառելուց հետո Հանձնաժողովի նախագահը եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Կոմիտեի նախագահին:
72.Կոմիտեի նախագահը սույն կարգի կամ օրենքի խախտում հայտնաբերելու դեպքում կարող է անվավեր ճանաչել ատեստավորման արդյունքները և հայտարարել նոր ատեստավորում:
73.Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացնում Ծառայողի ատեստավորման արդյունքում կայացված որոշումը` անձնական գործում պահելու և սահմանված կարգով արխիվացնելու համար:
XI. ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿԸ
74.Կոմիտեի Ծառայողների առաջխաղացման ցուցակը ձևավորում է Հանձնաժողովը`
1) Ծառայողների հերթական ատեստացիայի ժամանակ,
2) Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում արտահերթ կարգով, երբ Կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում Հանձնաժողով` Ծառայողի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր,
3)այն դեպքերում, երբ Հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ թեկնածությունների ցուցակում և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:
XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
75.Հանձնաժողովի անդամների լիազորությունները դադարում են Կոմիտեի նախագահի կողմից` համապատասխան իրավական ակտի ընդունմամբ :