Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար (տեսանյութ, լուսանկարներ)

27.05.2021 17:58

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նորք-Մարաշ թաղամասի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրել ենք, 2021թ. մայիսի 24-ին` ժամը 17:45-ին, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բուժօգնության է տեղափոխվել  Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ: Քննության տվյալներով՝ նշված մարմնական վնասվածքը վերջինս ստացել է նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր բնակության վայրում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց արձակելու հետևանքով:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբոր որդին: Վերջինս նախօրեին ինքնակամ ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու համար և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի