Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կալանավորվեց (լուսանկարներ)

24.02.2022 11:43

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախօրեին դատարանը բավարարել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին:

Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց էին բախվել հանդիպակաց երթևեկող «BMW X5» և «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաև իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային և կանգնել։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ВАЗ 21061» մակնիշի վարորդը և չորս ուղևորները տեղում մահացել էին, իսկ ուղևորներից մեկը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի