Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Առերևույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում

17.02.2020 16:11

2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածի 1-ին մասով: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի և ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետևանքով անհետացող գրելանյութով գրիչներ: Մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բազմաթիվ դեպքերում տարբեր տեսակի սննդամթերքների մուտքի-ելքի սյունակներում գրված սկզբնական թվերը պարբերաբար փոփոխվել են:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առերևույթ հանցավոր արարքների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի