Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել` կնոջ սպանության համար

03.07.2018 15:16

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի ամուսնուն։

1986թ. ծնված կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի համաձայն՝ Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկից «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել նույն տան բնակչուհին՝ ծնված 1986թ։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժած կինն օրեր անց՝ մարտի 7-ին, մահացել էր բժշկական կենտրոնում՝ առանց գիտակցության գալու:

Ամուսինը հայտարարել էր, որ կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, որի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, մշակվել վարկածներ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել նմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը, հարցաքննվել մի շարք անձինք:

Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետևանքով:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 30-ամյա կինը նշված տանն ապրել է ամուսնու հետ, և համատեղ կյանքի ընթացքում տարբեր կենցաղային հարցերի շուրջ ունեցել են վիճաբանություններ։ Դեպքի օրը ամուսինները կրկին վիճաբանել են, որի ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, բութ կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին: Այնուհետև, հաղթահարելով կնոջ դիմադրությունը՝ տան աստիճանավանդակի բարձրությունից գլխիվայր ցած է նետել դեպի տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի