Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Քաջարան քաղաքում բանկոմատներից գողության փորձ կատարելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

02.04.2022 13:30
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Քաջարան քաղաքում բանկոմատներից կատարված գողության փորձերի, ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. մարտի 30-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զինված, ապօրինի մուտք էին գործել հիշյալ փողոցում գտնվող շինություն և փորձել գողություն կատարել այնտեղ տեղակայված բանկոմատից, իսկ երբ ահազանգի հիման վրա դեպքի վայր էին ժամանել ոստիկանության աշխատակիցները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանձից մեկն ինքնաձիգից կրակոց էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ՝ աշխատանքային գործիքներ, եռակցման սարքեր, ինչպես նաև՝ ինքնաձիգի կրակված գնդակ, պարկուճ և այլ պարագաներ: Վարույթ իրականացնող մարմնին էր ներկայացվել «ԱԿ 74» տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև՝ «ՌԳԴ» տեսակի նռնակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Սյունիքի մարզի 3 բնակիչներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ ձերբակալված անձանցից 2-ը, Քաջարան քաղաքի մեկ այլ բնակչի հետ օրեր առաջ, նախնական համաձայնությամբ, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում տեղադրված բանկոմատից փորձել էին հափշտակություն կատարել, որի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քննվում է քրեական գործ:

Որոշում էր կայացվել՝ հիշյալ քրեական գործերը միացնելու և համատեղ նախաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու, դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի