Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-114
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ստորգետնյա գազատար խողովակում հայտնաբերվել է 30 սմ բացվածք. Պարզվել է Լեռնանիստում գազի արտահոսքի աղբյուրը

04.03.2017 19:19

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է Լեռնանիստ գյուղում ստորգետնյա գազատար խողովակից գազի արտահոսքի աղբյուրը։

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մասնագետների մասնակցությամբ  ստորգետնյա գազատար խողովակները մաքրելու եւ զննելու արդյունքում հայտնաբերվել է 30 սմ բացվածք՝ երկու խողովակների միացման հատվածում։ Նշանակվել է հետքաբանական փորձաքննություն։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  փլուզվել  են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  բժշկական կենտրոն։

 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով, մշակվել մի քանի աշխատանքային վարկածներ՝ խանութի փլուզման պատճառների վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ։

 

Ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքն ստուգելու նպատակով համապատասխան մասնագետների մասնակցությամբ մարտի 1-ին  կատարված  տեղանքի զննման  արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք։

 

Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար Կոտայքի մարզային քննչական վարչության պետը նույն օրը գրություն է ուղարկել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաեւ դիմել՝ Կոտայքի մարզպետին գյուղի դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու հարցը քննարկելու համար։

 

Մասնագետների եւ անհրաժեշտ սարքավորումների ներգրավմամբ մարտի 2-4-ը տարածքում շարունակվել են իրականացվել փորման եւ գազատար խողովակների զննման աշխատանքներ, որոնց արդյունքում այսօր  հայտնաբերվել է արտահոսքի աղբյուրը։

 

Նախաքննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի