Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

37-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

23.03.2021 14:05

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 54-ամյա, 31-ամյա և 34-ամյա տղամարդիկ խմբի կազմում, ավազակությամբ զուգորդված շահադիտական դրդումներով 37-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, մուրճով հարվածներ են հասցրել 37-ամյա տղամարդու պարանոցի հատվածին, որի արդյունքում վերջինս ուշագնաց ընկել  է գետնին:  Այնուհետև հանել են վերջինիս բաճկոնը, վերցրել նրա մոտ գտնվող գումարը և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը: 31-ամյա տղամարդը, նկատելով, որ 37-ամյա տղամարդը ողջ է, իրենց հանցավոր մտադրությունները ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս տեղափոխել են շուրջ 150 մետր հեռավորության վրա գտնվող բետոնե ջրատար և առանձնակի դաժանությամբ՝ խեղդելու եղանակով, նրան նետել են այնտեղ: 37-ամյա տղամարդը, ուշքի գալով, փորձել է բռնվել ջրատարի պատից, սակայն տղամարդկանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, մոտեցել է նրան, ոտքով հարվածել դեմքին, որից հետո վերջինս կրկին ուշագնաց է եղել և մահացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոհիշյալ 3 տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի