Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավազակություն՝ Սիսիան քաղաքում. հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահից հափշտակվել են զգալի չափերով ոսկյա զարդեր (տեսանյութ)

18.02.2021 14:22

2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Սիսիան համայնքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահ և որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, վաճառողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել խանութ-սրահում առկա զգալի չափերով ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Խանութ-սրահի աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դիմակ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննվել են խանութ-սրահում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի