Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ. մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ

28.06.2017 18:27

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, դիմակավորված, պատուհանի ցանցը հանելու միջոցով, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակչին պատկանող բնակարան, հարձակվել ընտանիքի անդամների վրա, ծեծի ենթարկել և պահանջել գումար: Սակայն բնակարանատիրոջ ցուցաբերած դիմադրության արդյունքում դիմակավորված անձինք դիմել են փախուստի:

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր ձերբակալվել են: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև նրանց այլ հանցակիցների վերաբերյալ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի