Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ընկերոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

11.06.2020 17:18

 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 60-ամյա տղամարդը Երևան քաղաքի Սարի-Թաղի 3-րդ փողոցում գտնվող իր տանը մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 48-ամյա ընկերոջ հետ, որի ընթացքում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով  կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման  հետքեր: Նշանակվել են դատակենսաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Երևան քաղաքի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)  1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի