Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ

07.11.2016 18:07

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2016 թվականի նոյեմբերի 4-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 տղամարդ, որոնցից մեկը՝ ԻԻՀ քաղաքացի, 2-ը՝ հայ, Գյումրու բնակիչ: ԻԻՀ քաղաքացու մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «B2» գրառմամբ դեղահաբեր և շագանակագույն երկու զանգված՝ ընդհանուրը 1004 գրամ քաշով, իսկ Գյումրու բնակիչներից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիմերային տարա, որի մեջ առկա է եղել մածուցիկ սև գույնի 597 գրամ քաշով մածուցիկ զանգված։ Նշված երկու անձանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է թմրամիջոց։

Քննությամբ պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել «B2» գրառմամբ դեղահաբեր և առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի մի մասն իրացրել է Գյումրի քաղաքի բնակչին։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է`  առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու կասկածանքով,  իսկ Գյումրու բնակիչը՝  ապօրինի ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի