Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

17.09.2020 19:00

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը առերևույթ խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող՝ իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատել է, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով և սարքի շահագործողներին պարզելու նպատակով իրեն պատկանող կվադրոցիկլով շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով: Նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանի և նրա նկարահանող խմբին՝   Վ.Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Տեղեկանալով, որ վերջիններս իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը և ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցրել այն և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել, հոգեբանական ճնշումներ  է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո, համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է՝ հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի