Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

08.10.2015 19:06

 

Մեծարգո՛ հյուրեր, հարգելի՛ գործընկերներ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր:

2014 թվականի հունիսի 28-ին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասինե օրենքն ուժի մեջ մտավ, սակայն Քննչական կոմիտեն լիարժեք սկսեց գործել հոկտեմբերի 8-ից: Այսօր մասնագիտական այս տոնը համընկնում է Կոմիտեի ծննդյան մեկամյա տարեդարձի հետ: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն հայտնում ներկաներին հանդիսավոր նիստին իրենց պատվավոր մասնակցությունը բերելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առաջին իսկ օրերից անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել նորաստեղծ կառույցի առջև ծառացած առաջնային և հրատապ իրավական, կադրային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառույցի կայացման ընթացքը եղել է աննախադեպ ու ծայրահեղ լարված:

Առաջնային և ամենակարևոր խնդիրներից մեկը քննչական կոմիտեի և դեպարտամենտի գործունեության իրավական հիմքերի ձևավորման աշխատանքներն էին: Կարճ ժամանակաշրջանում մշակվել  և ընդունվել են հինգ տասնյակից ավելի նորմատիվ և ներքին իրավական ակտեր: Ձևավորվել են կոմիտեի և դեպարտամենտի կառուցվածքները, կոլեգիալ մարմինները և այլ ստորաբաժանումներ: Կատարվել են կադրային նշանակումներ՝ 118 թափուր հաստիքներ համալրվել են որակյալ կադրերով:

Հայաստանի քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործում:

Այսօր նպատակահարմար չեմ համարում հանգամանորեն ներկայացնել մեր աշխատանքի վիճակագրությունը, այն վկայում է, որ իրավապահ մյուս մարմինների հետ նպատակասլաց համագործակցության շնորհիվ Կոմիտեն ակտիվորեն ներգրավվել է հանցավորության դեմ պայքարում, նկատելիորեն բարելավվել է նախաքննության որակը:

2015 թվականի վեց ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 1243 քրեական գործ նախորդ տարվա 888 գործի դիմաց, ինչը 355-ով ավել է: 2014 թվականի երկրորդ կիսամյակ է փոխանցվել 487-ով պակաս գործ: Կիսամյակի ընթացքում էապես կրճատվել են նախաքննության ժամկետները, 50 տոկոսով կրճատվել է մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերի թիվն ու անհիմն կարճված և կասեցված գործերը:

Միաժամանակ կցանկանայի նշել քննիչների ծանրաբեռնվածության մասին, որը կազմում է 20.400 գործ, նախորդ տարվա 16.616 գործի դիմաց, ինչը 23 տոկոսով ավել է:

Մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը 45 գործ է, իսկ մերժված նյութերով հանդերձ՝ 65:

Համեմատելու համար ասեմ, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 36, Վրաստանում՝ 5 ու միայն Բելառուսում և Տաջիկստանում՝ 45 գործ:

Անելիքները դեռ շատ են: Քննիչների 60 տոկոսը մինչև երկու տարվա աշխատանքային փորձ ունի: Շարունակելու ենք կադրերի հետ տարվող աշխատանքը:

Գիտակցելով, որ Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման երաշխիքներից է ազնիվ, սրտացավ և արհեստավարժ քննիչների առկայությունը, համակարգը համալրելու ենք հենց այդպիսի քննիչներով՝ հետևողականորեն կիրառելով քննչական ծառայության կայունության, քննիչներին ներկայացվող պահանջների միասնականության, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության սկզբունքները: Անհրաժեշտ է հարգել քննիչի  դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին, այլ հոգատարությամբ նպաստել նրա գործունեությանը:

Հասարակությունը մեծ սպասելիք ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները: Այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, և քննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը:

Կոմիտեի մարմինների և ստորաբաժումների գերակշիռ մեծամասնությունը դեռևս չունի առանձնացված շենքային պայմաններ: Դրանք շատ սուղ են: Պարզ է, որ մեկ աշխատանքային սենյակում 3 քննիչի առկայության դեպքում էապես նվազում է կատարված քննչական գործողությունների արդյունավետությունը:

Քննիչների հետ տարվում է հետևողական ուսուցում, մեթոդական, կազմակերպչական և դատավարական բնույթի ամենօրյա աշխատանք՝ քննության տակտիկային և մեթոդիկային տիրապետելու, հանցագործությունների բացահայտման գործում օպերատիվ-հետախուզական, փորձաքրեագիտական և մյուս մարմինների հետ պատշաճ համագործակցություն ապահովելու, դատավարության մասնակիցների իրավունքները հարգելու, օրենսդրական փոփոխություններին իրազեկ լինելու, կոնկրետ հանցատեսակների քննության բնագավառում մասնագիտանալու ուղղությամբ:

Ներկայացվող բարձր պահանջների պայմաններում քննիչների տեխնիկական հագեցվածության ապահովման առումով մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Այդ նպատակով մեր կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում բարեփոխումների 2015-2017 թվականների ռազմավարությունը, մասնավորապես՝ նախաքննության կազմակերպման գործում գիտության և տեխնիկայի նվաճումները ներդնելու, տարբեր գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններից օպերատիվ կերպով տեղեկություններ ստանալու կառուցակարգեր ստեղծելու, քրեական դատավարության ոլորտում մարդկային և նյութական ռեսուրսները խնայելու և նպատակային օգտագործելու ուղղությամբ:

Մենք լավ պատկերացնում ենք, գիտենք մեր անելիքներն ու ամեն ինչ անելու ենք դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ այդ նպատակին հասնելու համար ոչինչ չենք խնայի: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել հանրապետության Նախագահին, Կառավարությանն ու Ազգային ժողովին համակարգի կենսական և կարևորագույն խնդիրները լուծելու գործում հոգածություն ցուցաբերելու համար:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի