Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձ կատարելու համար

10.06.2020 11:26

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «թույա» տեսակի ծառերի գողության և գողության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ  պարզվել է, որ  Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2020թ. մարտի 21-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սասունցի Դավթի» արձանի ձախ հատվածում գտնվող այգու եզրային մասից քաշել-պոկելու եղանակով գաղտնի հափշտակել  է զգալի չափերով՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան համայնքին պատկանող 8 հատ ոսկեգույն «թույա» տեսակի ծառեր:

Բացի այդ, մի քանի օր անց, վերոհիշյալ  հրապարակում, 33-ամյա տղամարդը կրկին փորձել է գաղտնի հափշտակել 4 հատ նույն ծառատեսակից, սակայն նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Երևան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)  1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի