Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Արմավիրում մեկ անձի սպանության և մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել է նույն մարզի բնակիչը

15.05.2020 18:51

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ 2020թ. մայիսի 10-ին Արմավիրում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի համար. վերջինս կալանավորվել է:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էջմիածնի բնակիչը դեպքի օրը՝ ժամը 02:40-ի սահմաններում, բաց պատուհանով մտել էր 29-ամյա երիտասարդի՝ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տուն և իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած վնասվածքից երիտասարդը տեղում մահացել էր, իսկ Էջմիածնի բնակիչը դիմել էր փախուստի:

Նույն օրը «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել էր, որ Գեղակերտի բնակիչը մարմնական վնասվածքներն ստացել է նույն՝ Էջմիածնի բնակչի հետ ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես պարզվել էր, որ երիտասարդը, սպանության դեպքի վայրից հեծանվով փախուստի դիմելիս, մտել էր Գեղակերտի 41-ամյա բնակչին պատկանող հողամաս: Վերջինս նկատել  և փորձել էր պարզել իր հողատարածքում երիտասարդի գտնվելու պատճառը, որի ժամանակ էլ Էջմիածնի բնակիչը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ էր հասցրել հողամասի սեփականատիրոջ կենսական կարևոր օրգաններին՝ կրծքավանդակի ձախակողմյան, որովայնի ձախակողմյան և պարանոցի հետին հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել էր փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքերի վայրերի զննություններ, առգրավումներ, խուզարկություններ, վերցվել են փորձանմուշներ:

Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են որոսորդական հրացանի 11մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար հարմարեցված ինքնաշեն ողորկափող հրազեն և դանակ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական, և դատահամակարգչատեխնիկական:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 34-104-րդ (սպանության փորձ)  հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի