Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

23.10.2019 16:50

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. ապրիլի 1-ին վերը նշված հասցեում գտնվող իրենց բնակարանում,  որդին՝  ծնված 1994 թվականին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ խոհանոցային դանակով երեք անգամ հարվածել է մոր աջ ազդրի, ձախ բազկի և աջ անոթափոսի հատվածներին: Վերջինս ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Քրեական գործով նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, 1994թ-ին ծնված երիտասարդը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին և քրեական գործն ուղարկել  է դատարան։ Այս պահին 1994թ. ծնված երիտասարդը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի