Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

05.03.2019 09:04

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի փետրվարի 24-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի առաջին դաշտում հայտնաբերվել է արական սեռի դի` կրծքավանդակի աջ և ձախ կեսի կողմնային մակերեսներին և աջ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսին հրազենային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում  հարուցած քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, վերջինս հաշվառված էր Արմավիրի մարզում՝ ծնված 1990թ.:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` տվյալներ են  ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ., և Իջևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989թ., նախնական համաձայնություն են ձեռք բերել 1990թ. ծնված երիտասարդին սպանելու շուրջ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունվար և փետրվար ամիսներին 29 և 34-ամյա տղամարդիկ կատարել են սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ: Վերջիններս,  պարբերաբար այցելելով 28-ամյա երիտասարդի բնակության վայր, փորձել են ճշտել սպանությունն իրականացնելու հնարավոր եղանակները, նրա գտնվելու վայրի և մեքենա վարելու մասին հանգամանքները:

Պարզվել է նաև, որ 2019 թվականի փետրվար ամսին նշված անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 հատ 7,65 մմ տրամաչափի  փամփուշտներ: Սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ 1990թ. ծնված երիտասարդը սպանվել է, իսկ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի 7,65 մմ տրամաչափի ատրճանակը և ռազմամթերք հանդիսացող 3 հատ 7,65 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները 2019 թվականի փետրվարի 27-ին հայտնաբերվել են Արարատի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում կատարված խուզարկությամբ:

Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 34-ամյա բնակչին և Իջևան քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ սպանությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի