Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի «ՋՕԸ»-ի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

16.06.2015 18:56


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Աշտարակի «ՋՕԸ»-ի գործադիր տնօրեն Ա.Խաչատրյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

2015 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու հրապարակում, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոցներ է արձակել Աշտարակ քաղաքի բնակիչ Ա.Խաչատրյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի առջևի դռան վերևի անկյունում հայտնաբերվել են հրազենային վնասվածքի նման հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահից՝ արճիճանման զանգվածներ։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի