Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին. ՀՀ Նախագահը շնորհավորել է ՔԿ ծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ (Լուսանկարներ)

09.10.2017 18:28

Այսօր տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

ՀՀ Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը:

ՀՀ Նախագահն ընդգծել է անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ «Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Նաև ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով: Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ:Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև՝ բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում,- ասել է ՀՀ Նախագահը և նշել,- երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն: Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում»:

Նախագահի խոսքերով՝ «Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է»: «Ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում»,- ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերը, նշել, որ դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։

«Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը, ըստ ավարտված գործերի, 2015 թվականի առաջին կիսամյակի համար եղել է 30%, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 34 %, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 36%, և նկատվում է կայուն աճ: Աճել է նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նվազել է փոխանցված քրեական գործերի քանակը։ Եթե 2015 թվականից 2016 թվական փոխանցվել է 3268, ապա՝ 2016 թվականից 2017թ.՝ 2566 քրեական գործ, այսինքն՝ 702 գործով պակաս»,- ասել է ՔԿ նախագահը և ընդգծել, որ  ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ  կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում։

«Քրեական գործերի վարույթը կասեցնել՝ նշանակում է կա՛մ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կա՛մ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելը ինքնին դրական երևույթ չէ, ուստի՝ այն չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ 

ՔԿ ղեկավարը փաստել է, որ նախաքննության համակողմանիության և օբյեկտիվության ապահովումը Քննչական կոմիտեի մարտահրավերներից է։

«Խորհրդային ժամանակներից կարծրացած է եղել այն գաղափարը, որ քննիչը մեղադրական գործառույթ իրականացնող մարմին է, քրեական հետապնդման մարմին. Առայսօր իր ազդեցությունը պահպանում է դեռևս Խորհրդային պետության գլխավոր դատախազ Ա.Վիշինսկու այն կործանարար գաղափարը (1924թ.), ըստ որի` քննիչը դատախազի օգնականն է: Նախաքննության մեղադրական ուղղվածությունն ուղղակիորեն նպաստում է նաև մեղադրական արդարադատության ձևավորմանը։ Հանրահայտ է, որ քրեական գործերով արդարադատության ապացուցողական զանգվածի բացարձակ մեծամասնությունը ձևավորվում է քննիչի կողմից, ուստի քննիչի մեղադրական հակվածության պայմաններում նրա գործունեության արդյունքները նույնպես կլինեն մեղադրական։ Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը և դատաքննությունը վտանգում են իրավական պետության հիմքերը։

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների իրավամտածողության հիմքում արդեն իսկ ձևավորվել է այն գաղափարը, որ քննիչը ոչ թե հետապնդող, այլ հետազոտող է։ Քննիչի սրբազան պարտականությունն է կատարել համակողմանի քննություն, վեր հանել ինչպես մեղադրական, այնպես էլ՝ արդարացնող ապացույցներ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ քննիչի որոշմամբ արդարացնող հիմքով կարճումների թիվը 2015թ. համեմատ 2016թ. աճել է 173-ով:

Մյուս կարևոր խնդիրներից է մինչդատական վարույթի ժամկետների կրճատումը: Ձեռնարկված գործուն միջոցառումների արդյունքում էապես աճել է մինչև երկու ամիս ժամկետում ավարտվող քրեական գործերի քանակը, և զուգահեռ նվազել մեկ տարուց ավել քննվող քրեական գործերը։ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի արդեն 51%-ը, այսինքն՝ կեսից ավելին, քննվել է նախատեսված երկամսյա ժամկետում: Նվազում է նկատվում նաև ավելի երկար ժամկետներում քննված գործերի մասով: Մեկ տարուց ավելի ժամկետում քննված գործերի քանակը  2017 թվականի 1-ին կիսամյակում ընդամենը 2.0%-ն է: Ձեռքբերումներով հանդերձ, ինչպես նշել է ՔԿ նախագահը, այնուամենայնիվ, նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային և պահանջում է համալիր լուծում:

Նախաքննության մարմինների գործունեության արդյունավետությունն էապես կախված է նաև օպերատիվհետախուզական մարմինների հետ համագործակցությունից։

«ՀՀ–ում քննչական միասնական մարմնի ձևավորման սկզբնական փուլում մտավախություն կար, որ նախաքննության և հետաքննության մարմինների ինստիտուցիոնալ տարանջատման դեպքում նրանց միջև համագործակցության արդյունավետությունը կնվազի` նկատի ունենալով հատկապես Ղազախստանի չհաջողված փորձը, սակայն քրեական գործերով դիտարկումներն ակնհայտորեն վկայում են այլ զարգացման մասին. ներկայումս նախաքննության և հետաքննության մարմինների միջև համագործակցության ինտենսիվությունն էապես բարձրացել է, յուրաքանչյուրը, գիտակցելով իրավապահ համակարգում իր գործառույթները, ձգտում է հնարավորինս բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Այս հարցում գերատեսչական մրցակցությունն ունենում է բացառապես դրական արդյունքներ», - հայտարարել է Ա.Հովսեփյանը։

ՔԿ ղեկավարն ընդգծել է,  որ քննիչի յուրաքանչյուր գործողություն մանրամասն կարգավորվում է օրենքով: Քրեադավարական ձևից նույնիսկ չնչին շեղումները կարող են առաջացնել իրավաբանական պատասխանատվություն:

«Այս ամենը վկայում է նախ և առաջ այն մասին, որ քննիչը պետք է ունենա բարձր պատասխանատվություն սեփական աշխատանքի և գործառույթների նկատմամբ,  և խստագույնս պահպանի իր գործառույթները կարգավորող օրենքների պահանջները»,- ասել է ՔԿ նախագահը՝ նշելով, որ անցած երեք տարիներին էապես բարելավվել են քննչական բաժինների աշխատանքային պայմանները, ստեղծվել են առավել նպաստավոր միջավայր և պայմաններ՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններն իրականացնելու համար, և այդ ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Հանրապետության Նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Սիրեկանի Ղամբարյանը, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Էռնեստի Սեյրանյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Տիգրանի Առաքելյանը՝ «Երախտագիտություն» մեդալով, Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանը՝ ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

ՀՀ ՔԿ մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ արժանացել են պետական այլ  բարձր և գերատեսչական պարգևների։


 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի