Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բժշկական կենտրոնից կատարված գողությունը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

18.02.2019 16:21

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

2019թ. հունվարի 25-ին Ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. հունվարի 18-ի ժամը 17:00-ից մինչև 2019թ. հունվարի 25-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Քանաքեռ-Զեյթուն»ԲԿ-ի հարկաբաժիններից մեկի մուտքի դռան ապակին, մուտք գործել ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նշված հարկաբաժնում է գտնվում հիվանդանոցի պահեստը, որտեղ դրված են հին, չօգտագործվող սարքավորումներ: Նախնական տվյալներով՝ հետագայում մանրամասն ստուգելուց հետո պարզվել է, որ պահեստից գողացվել են մեծ քանակությամբ մետաղյա լարեր, որոնք իրենց մեջ պարունակում են թանկարժեք մետաղ` պալադիում:

Նախաքննության ընթացքում առգրավվել են հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության:

Օպերատիվ-հետխուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը: Գողության փորձ կատարելու կասկածանքով 2019թ. փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1976 և 1990թթ.,և Վարդենիս քաղաքի՝ 1985թ. ծնված բնակիչը:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ անձին ճանաչման ներկայացնելու և դեպքի վայրի զննություն, ինչպես նաև հարցաքննվել են հիվանդանոցի աշխատակիցներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:

42-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ մյուս երկու անձանց՝ 28-ամյա երիտասարդին և 33-ամյա տղամարդուն, ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի