Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հայտնաբերվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվողը. նրան առաջադրվել է մեղադրանք

15.01.2016 17:02


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հայտնաբերվել և կալանավորվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց նկատմամբ  սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Վ.Անտոնյանը։

2015 թվականի հոկտեմբերի 11-ին ահազանգ էր ստացվել, որ Ախթալա քաղաքի կամրջի մոտ կրակոցներ են արձակվել Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող՝ ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի ուղղությամբ։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու  հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ  դեպքի օրը Լոռու մարզի բնակիչ Անտոնյանը 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում, իր ծանոթի հետ, վերջինիս ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցով երթևեկելիս տեսել է նույն մարզի բնակիչ Վ.Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի և նրա ընկերոջ` Ա. Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի  ավտոմեքենաները։

Նախնական քննության տվյալներով՝ Անտոնյանը հետապնդել է նրանց, ապա հասնելով Ալավերդի-Թբիլիսի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրի հատվածին՝ Ախթալա քաղաքի կամջրի վրա, նախապես իր հետ վերցրած ինքնաձիգից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանդիպակաց ուղղությունից բազմաթիվ կրակոցներ արձակել ընթացքի մեջ գտնվող նշված երկու ավտոմեքենաների վրա, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. «Համեր» մակնիշի ավտոմեքենան եղել է զրահապատ, իսկ «Նիսան Տիանա 280 JK» մակնիշի ավտոմեքենան թաքնվել է «Համեր»-ի հետնամասում:

2015 թվականի հոկտեմբերին որոշում է կայացվել՝ Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2016 թվականի հունվարի 14-ին մեղադրյալ Վ.Անտոնյանը  հայտնաբերվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայում, բերման ենթարկվել և նույն օրը տեղափոխվել Լոռի։

Այսօր՝ հունվարի 15-ին, քննիչը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը)։ Վ.Անտոնյանը հրաժարվել է ցուցմունք տալ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի