Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեում. Ա.Հովսեփյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ

03.03.2016 17:36


Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2015 թվականին կատարված, արձանագրված ցուցանիշները, դրական արդյունքներն ու բացթողումները։ Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Զեկույցներով հանդես եկան ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Ա.Թամազյանը, Վ.Հարությունյանը, Հ.Գրիգորյանը և Ա.Ղամբարյանը՝ ըստ համակարգման ոլորտի վերլուծելով կատարված աշխատանքները։

2015 թվականին ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված։ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող քննական մարմինների վարույթում 2015 թվականին ընդհանուր առմամբ քննվել է 21.955 քրեական գործ, որից շուրջ 93 տոկոսը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, մնացած 7 տոկոսը քննել են ՀՔԾ, ՀՀ ֆինանսների նախարարության և Ազգային անվտանգության քննչական ծառայությունները։ Քննչական կոմիտեի քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 66 քրեական գործ և նյութ։ Համեմատության համար ասենք, որ այդ թիվը Ռուսաստանում կազմում է 36, Վրաստանում՝ 5, Բելառուսում և Տաջիկսատնում՝ 45։

Վերլուծելով հանցավորության շարժընթացում արձանագրված դրական կամ բացասական փոփոխությունները՝ բանախոսներն արձանագրեցին, որ 2015 թ. գրանցվել է հանցագործությունների նվազում 503 դեպքով, սակայն ընդհանուր առմամբ աճել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, շարունակում է մտահոգիչ մնալ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը. 2015 թ. ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 227 մարդ, իսկ 2014 թ.՝ 181։

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում ՔԿ վարույթում քննված քրեական գործերի արտադրողականությունը (քրեական գործերի դատավարական ավարտը) կազմել է 85,1 տոկոս՝ 2014թ. 84,7  տոկոսի դիմաց։ ՀՀ ՔԿ նախագահը կարևորեց յուրաքանչյուր քրեական գործով բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը, ոչ միայն առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության բացահայտումը, այլ նաև՝ շարժառիթի, նպաստող հանգամանքների, պայմանների պարզումը։

Արձանագրելով, որ գործող օրենսդրությամբ Քննչական կոմիտեի հիմնական լիազորությունը նախաքննության իրականացումն է՝ Ա.Հովսեփյանն ընդգծեց, որ նախաքննության առաջնահերթ խնդիրը պետք է լինի հանցագործությունների բացահայտումը։ «Հետևողական քայլեր ենք ձեռնարկում կոմիտեի ծառայողների աշխատանքային, նյութատեխնիկական պայմանները բարելավելու ուղղությամբ, ներդրվել են նորարարական մի շարք ծրագրեր, շահագրգիռ բոլոր մարմինների՝ դատախազության, օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ ձևավորվել են համագործակցության մեխանիզմներ՝ քննիչի աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար։ Ամեն ինչ անում ենք, որ լավ պայմաններում աշխատեք, ինչի նկատմամբ ձեր վերաբերմունքը, գնահատականը կարող է լինել ձեր իսկ աշխատանքի արդյունավետությունը։ Լուրջ վերաբերմունք ենք դրսևորելու չբացահայտված յուրաքանչյուր քրեական գործի նկատմամբ։ Յուրաքանչյուր չբացահայտված քրեական գործով քննիչը պետք է ներկայացնի, թե ինչ քայլեր է ձեռնարկել՝ բացահայտումն ապահովելու ուղղությամբ։ Ձեր աշխատանքի ցուցանիշը լինելու է հանցագործությունների բացահայտումը»,- հայտարարեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով քրեական գործերի կասեցումը դիտարկվելու է որպես բացասական ցուցանիշ։

ՔԿ նախագահը կոնկրետ հանձնարարականներ տվեց՝ նախաքննության որակը, քննության ժամկետները բարելավելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ քննչական ստորաբաժանումների ղեկավարները անմիջական պատասխանատվություն են կրելու բացթողումների համար։ «Ստորաբաժանումների ղեկավարները ոչ միայն դատավարական վերահսկողություն իրականացնող անձինք են, այլ նաև պետք է աջակցեն քննիչներին, ովքեր հիմնականում երիտասարդ են և չունեն հարուստ փորձ»,- նշեց Ա.Հովսեփյանը՝ ընդգծելով, որ քննիչի կողմից դատավարական ժամկետները խախտելու, օրեր շարունակ քննչական գործողություններ չկատարելու, քննչական պլանների բացակայության կամ թերի լինելու համար պատասխանատու են լինելու ստորաբաժանումների ղեկավարները։

«Ձեր ցուցումները պետք է արտահայտված լինեն քննչական պլանում և եթե այնտեղ կա թերություն, դա նաև քննչականների պետերի թերությունն է, դուք եք ձեր ստորագրությամբ հաստատում դրանք,- խոսքն ուղղելով տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընդգծեց Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով,- հանդուրժողական չենք լինելու»։

Արձանագրելով նյութատեխնիկական բազան բարելավելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները՝ փաստվեց, որ 2015 թվականին ներդրված փորձարարական ծրագրերի արդյունավետությունը հաշվի առնելով՝ 2016 թվականին կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում ներդրվել է քրեական գործերի թվայնացման ծրագիրը, ինչը հնարավորություն կստեղծի էապես կրճատել դատավարական փաստաթղթերի պատճենահանման վրա  ծախսվող գումարները, գործարկվել է նաև ներքին էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը։

2015 թվականին սկսվել են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մշակման աշխատանքները, որի արդյունքում նախատեսվում է ունենալ տեղեկատվական հարուստ բազա։ Քրեական գործերի նախաքննության ընթացքում դատարանների որոշումների հիման վրա համապատասխան կապի օպերատորներից հնարավորինս օպերատիվ վերծանումներն ստանալու համար ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ կապի 4 օպերատորների հետ և ստեղծվել էլեկտրոնային ծառայողական փոստով դրանք ստանալու իրավական կառուցակարգերը, ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Բացի այդ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել պետական գերատեսչությունների տեղեկատվական բազաների հասանելիությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ, որը թույլ կտա ապահովել հարցման առցանց ներկայացումը և փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային միջոցների օգնությամբ, ինչը կնպաստի խնայել ժամանակ ու միջոցներ, որպես արդյունք՝ նախաքննության ժամկետների պահպանմանը:

Քննչական կոմիտեն շատ ակտիվ համագործակցել է նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ քննչական կոմիտեի մասնագիտական տեխնիկական բազան համալրելու, քննիչների մասնագիտական ունակությունները զարգացնելու համար, ծառայողներն ակտիվ ներգրավվել և մասնակցել են բազմաթիվ սեմինարների, քննարկումների, միջազգային կոնֆերանսների։

 


 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի