Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ

22.01.2019 16:38

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։

«Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերն ընդհանրապես ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին: Բացի այդ, անթույլատրելի էր նաև հողերի կատեգորիայի նշված փոփոխությունը, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի, իսկ նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը, որպիսին անտառային ֆոնդի հողերը չեն հանդիսանում:

Նախնական տվյալներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի անտառածածկ հողերը Կոտայքի մարզպետը 04.12.2006թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարին հասցեագրված գրությամբ ներկայացրել է որպես ոչ անտառածածկ ու առաջարկել փոխել դրանց կատեգորիան ՝ գրությանը կցելով նաև ՀՀ Կառավարության՝ 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշմամբ սահմանված կարգի համաձայն կազմված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոնց վրա բացակայել են, նշված որոշմամբ սահմանված կարգով, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված լինելու վերաբերյալ տվյալները: Մարզպետի կողմից ներկայացված առաջարկությունը, առանց նշված համաձայնությունների, տարածքային կառավարման նախարարությունից ուղարկվել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որտեղ էլ կազմվել է կառավարության որոշման նախագիծ, որը ներառվել է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի նիստի օրակարգում՝ որպես լրացուցիչ հարց՝ 47-րդ համարի ներքո և ընդունվել։ Արդյունքում՝ օրենսդրության պահանջների խախտմամբ փոխվել է Հրազդան համայնքի անտառային ֆոնդի 50.48 հա հողատարածքի նպատակային նշանակությունը՝ 36.48 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիայի՝ խառը կառուցապատման համար, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի՝ հանգստի կազմակերպման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել Հրազդան համայնքին, որն էլ իր հերթին հողատարածքը բաժանել է տարբեր հատվածների ու հրապարակային սակարկություններով վաճառել տարբեր քաղաքացիների։ Հետագայում նշված հողատարածքները 2009 թվականի հոկտեմբերի 6-ին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքով միացվել են Ծաղկաձոր համայնքին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Միաժամանակ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի