Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Հերքման պահանջ

28.06.2019 19:20
«Yerevan.today» լրատվական  կայքը  սույն թվականի հունիսի 17-ին հրապարակել է «Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ստում է և խուսափում պատասխանից» վերտառությամբ հոդված (աղբյուր՝ https://yerevan.today/), որով ոչ միայն խեղաթյուրված է ներկայացրել քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ նախաքննական մարմնի տեղեկատվությունը, այլև դուրս գալով լրատվության էթիկայի շրջանակներից՝ թույլ է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հասցեին ոչ կոռեկտ, անհարիր արտահայտություններ:
Հիշյալ հրապարակման վերաբերյալ հարկ է նշել, որ նախ՝

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Ազգային անվտանգության ծառայության պետի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել  «Մեդիա Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Երևան Թդեյ» լրատվական կայքի գրասենյակում, որի ընթացքում առգրավվել են մեկ համակարգչային պրոցեսոր և ընդհանուր թվով 4 հիշողության կրիչներ:

Լրատվամիջոցի գրասենյակում խուզարկություն կատարելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ըստ համացանցի մի շարք օգտատերերի կատարած գրառումների՝ «Գուգլ» որոնողական-փնտրողական համակարգում, որպես ձայնագրառումը պարունակող տեսանյութ՝ 2018թ. սեպտեմբերի 09-ին տեղադրվել է «Երևան Թդեյ» լրատվական կայքում և կարճ ժամանակ անց հեռացվել, մինչդեռ տեսանյութը լայն տարածում է ստացել 2018թ. սեպտեմբերի 11-ին: 

Առգրավված տեխնիկական միջոցներում քննությանը հետաքրքրող տվյալների առկայության հանգամանքը պարզելու նպատակով 2018թ. սեպտեմբերի 18-ին նշանակվել է դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետներին:

Փորձաքննությունը բարդ դատավարական գործողություն է, որն ընդգրկում է դրա նշանակումը, փորձաքննության կապակցությամբ շահագրգիռ անձանց իրավունքների ապահովումը, փորձաքննության կատարումը և եզրակացություն տալը:
Փորձաքննության կատարման ընթացքում փորձագիտական հետազոտությունն իրականացվում է 4 փուլերով, այն է՝

1. նախապատրաստական փուլում փորձագետը ծանոթանում է իրեն տրամադրված նյութերին, ստուգում է դրանց լրիվությունն ու հետազոտման համար պիտանի լինելը, պարզում է առաջադրված հարցերի՝ իր իրավասությանը վերաբերելու հանգամանքը, որոշում է հետազոտության կարգն ու մասնավոր մեթոդները:
2. անջատ հետազոտության փուլում փորձագետը հետազոտում է ներկայացված օբյեկտներն ու դրանց հետքերը, փորձաքննության ներկայացված ամեն մի օբյեկտ, հետք կամ նմուշ՝ առանձին վերցված:
3. համեմատական հետազոտության փուլում կատարվում է օբյեկտների հատկանիշների համեմատություն, պարզվում են համընկնումներն ու տարբերությունները:
4. եզրափակիչ փուլում գնահատվում է կատարված հետազոտությունը, ամփոփվում են դրա արդյունքները, ձևավորվում են հետևությունները և նախապատրաստվում է փորձագետի եզրակացությունը:

Փորձագետի եզրակացությունը փորձագիտական հետազոտության ընթացքն ու արդյունքներն ամրագրող դատավարական փաստաթուղթ է: Եթե փորձաքննությունն ավարտվում է եզրակացություն տալով, ապա փորձաքննության կատարումն ավարտվում է փորձագետի կողմից հետազոտությունը գնահատելով, դրա արդյունքներն ամփոփելով, հետևություններ ձևավորելով և եզրակացություն նախապատրաստելով:

«Երևան Թդեյ» լրատվական կայքի համար հատուկ ընդգծենք, որ քրեական գործով 18.09.2018թ. նշանակված համակարգչատեխնիկական փորձաքննությունը չի ավարտվել, փորձագետի կողմից եզրակացություն չի տրվել, իսկ ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանի կողմից Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ս.Սեյրանյանին 2018թ. դեկտեմբերի 19-ին հասցեագրած գրության մեջ նշված այն հանգամանքին, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին, որից հետո հնարավոր կլինի առգրավված առարկաները վերադարձնել լրատվական կայքին, ապա պետք է նշենք, որ այդ դեպքում Վ.Մեսրոպյանն ի նկատի է ունեցել փորձագիտական հետազոտության ավարտը, որպիսի հանգամանքի մասին վարույթն իրականացնող մարմնին 19.12.2018թ. գրությամբ իրազեկել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Վերը պարզաբանվածից հետևում է, որ հետազոտության ավարտ և փորձաքննության ավարտ հասկացությունները խիստ տարբեր են և փորձաքննության եզրակացությունը կարող է ստացվել հետազոտության ավարտից ամիսներ անց:

Ի դեպ, մինչ օրս վարույթն իրականացնող մարմինը չի ստացել համակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացությունը: Այդ կապակցությամբ 2019թ. հունիսի 04-ին տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ և 18.06.2019թ. ստացվել է պատասխան, համաձայն որի՝ փորձագետի եզրակացության կազմումը կավարտվի առաջիկա 10-օրյա ժամկետում:

«Երևան Թդեյ» լրատվական կայքի հայտարարություններն այն մասին, թե իբրև չեն խնդրել վերադարձնել համակարգիչները, այլ պահանջել են, նաև պահանջել են ներողություն խնդրել ապօրինի գործողությունների համար, հիմնազուրկ են և նպատակ են հետապնդում հասարակության շրջանում քրեական հետապնդման մարմնի օրինական գործողություններից տուժելու պատրանք ստեղծել: Միաժամանակ լրատվական կայքը հայտնել է, թե նախաքննական մարմնի կողմից վերադարձված տեխնիկական միջոցները չեն օգտագործվում, քանի դեռ քննչական մարմնից պատասխան չկա:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ 2018թ. սեպտեմբերի 19-ին «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Վ.Հովնանյանի կողմից հրավիրված՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արմեն Ֆերոյանը, անհրաժեշտ իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով, ստացել է ինչպես լրատվական կայքի գրասենյակում, այնպես էլ Վ.Հովնանյանի բնակության և հաշվառման վայրերում խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշումների օրինակները և դրանց օրինականությունը վիճարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով Ա.Ֆերոյանի ներկայացված բողոքները մերժվել են, առնվազն տարօրինակ է, որ դատարանի նմանբովանդակ որոշման առկայության դեպքում լրատվամիջոցի կողմից նախաքննական մարմնի գործողությունները որակվում են ապօրինի:

2018թ. հոկտեմբերի 08-ին փաստաբան Ա.Ֆերոյանը գրավոր դիմել է վարույթն իրականացնող մարմնին և պատճառաբանելով, որ «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերության «Երևան Թդեյ» լրատվական կայքը չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթները, խնդրել է հնարավորինս սեղմ ժամկետներում վերադարձնել ՍՊ ընկերության գրասենյակից առգրավված առարկաները:

Բացի այդ, առգրավված տեխնիկական միջոցների վերադարձի ձգձգման, ինչպես նաև դրանց հնարավոր վերադարձի ժամկետների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահին 2018թ. նոյեմբերի 12-ին դիմել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այնուհետև, 2018թ. դեկտեմբերի 11-ին ստացվել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրած գրությունը, որով Ս.Սեյրանյանը հայտնել է՝ «Երևան Թդեյ» լրատվական կայքից առգրավված տեխնիկան տևական ժամանակ չվերադարձնելու պատճառով լրատվամիջոցի բնականոն աշխատանքին խոչընդոտելու մասին:  Միաժամանակ, Ս.Սեյրանյանը, վկայակոչելով «Երևան Թդեյ» լրատվական կայքի ներկայացուցիչների հայտնած տեղեկությունները՝ առգրավված տեխնիկական միջոցներում խմբագրության գործունեության համար խիստ կարևոր նյութերի առկայության մասին, խնդրել է առգրավված տեխնիկան վերադարձնել լրատվամիջոցին:

2018թ. դեկտեմբերի 17-ին վարույթն իրականացնող մարմինը դիմել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ փորձաքննության ընթացքի, ներկայացված տեխնիկական միջոցների հետազոտության ընթացքի, ինչպես նաև՝ մինչ փորձաքննության ավարտը հետազոտված առարկաների վերադարձման հնարավորության  մասին տեղեկություն ստանալու նպատակով:

2018թ. դեկտեմբերի 19-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացված գրության համաձայն՝ «Երևան Թդեյ» լրատվական կայքից առգրավված թվով 4 հիշողության կրիչների և թվով 1 համակարգչի կոշտ սկավառակի փորձագիտական պատճենների ստացումն ավարտվել է, և իրականացվում են դրանց հետազոտական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2018թ. դեկտեմբերի 27-ին, որից հետո հնարավոր կլինի նշված սարքավորումները վերադարձնել նախաքննական մարմնին:

Տեխնիկական միջոցների փորձագիտական հետազոտություններն ավարտելով՝ 2018թ. դեկտեմբերի 28-ին՝ մինչ եզրակացություն կազմելը,  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ փորձագետը վերադարձրել է «Երևան Թդեյ» լրատվական կայքից առգրավված պրոցեսորը և թվով 4 հիշողության կրիչները, որոնք  նույն օրը վերադարձվել են «Մեդիա պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Վարդան Հովնանյանին:

Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնին ապօրինի գործողությունների համար ներողություն խնդրելու պահանջ ներկայացնելուն, ապա պետք է հայտնենք, որ լրատվամիջոցի կողմից նման պահանջ չի կարող ներկայացվել, քանի որ, նախ՝ նախաքննական մարմինը գործել է օրինականության շրջանակներում, ինչը հաստատվել է դատական ակտով, բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ քրեական հետապնդման մարմինը միայն արդարացվածից գրավոր ներողություն հայցելու պարտավորություն ունի, իսկ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

Լրատվական կայքի գրասենյակից խուզարկությամբ առգրավված տեխնիկական միջոցները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ իրեղեն ապացույց չեն ճանաչվել, դրանց վրա արգելանք դրված չէ, հետևաբար սեփականատիրոջ իրավունքները որևէ կերպ սահմանափակված չեն: Հարկ ենք համարում լրատվական կայքին իրազեկել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Ինչ վերաբերում է փորձաքննության արդյունքները հրապարակելուն, ապա այս կապակցությամբ հայտնում ենք, որ նախնական քննության մարմիններին ուղղված՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման օրենսդրական պահանջը չի կարող արդյունավետ կատարվել, նախնական քննության խնդիրները չեն կարող արդյունավետ լուծում ստանալ նախնական քննության տվյալների գաղտնիության բացառման պայմաններում: 

Այս դեպքում առկա է անհրաժեշտություն լրատվական կայքին իրազեկել, որ նախնական քննության գաղտնիության կանոնն ունի երկու բացառություն, որի պայմաններում հնարավոր է հրապարակել նախնական քննության որոշ տվյալներ, այն է՝

1. գործի վարույթն իրականացնող մարմինը նախնական քննության տվյալների հրապարակումը թույլատրելու հայեցողություն ունի.
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրենքով նախատեսված են քրեական գործի նյութերի շրջանակ, որոնք մինչև նախաքննության ավարտն օրենքի ուժով՝ անկախ վարույթն իրականացնող մարմնի հայեցողությունից, տրվում է դատավարության մասնակիցներին (տուժող, մեղադրյալ, կասկածյալ):

Հետևաբար, նախաքննական մարմնի կողմից նախաքննության տվյալների հրապարակում կարող է իրականացվել այնքանով, որքանով որ այն չի կարող վնասել քրեական դատավարությանը, խոչընդոտել հանցանքի բացահայտմանը, խախտել ընտանեկան կամ անձնական կյանքի անձեռնմխելիությունը, ոտնահարել անձի պատիվը և այլն:

Նախաքննական մարմնի գործողությունների հետևանքով «Երևան Թդեյ» լրատվական կայքի գործունեության խափանման, առարկաների առգրավումը լրագրողական աղբյուրների գաղտնիության կոպտագույն ոտնահարում  դիտարկելու, նախաքննական մարմնի կողմից լրատվական կայքի՝ աղբյուրների գաղտնիություն պարունակող աշխատանքային և արխիվային նյութերն առգրավելու կապակցությամբ հարկ ենք համարում  հայտնել հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն՝ քրեական դատավարության ընթացքում ձեռնարկվում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ: Դատարանի, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով քննչական և դատական գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

Ավելին, անհասկանալի է լրատվամիջոցի կողմից ցուցաբերվող անհանգստությունն այն մասով, որ առգրավված տեխնիկական միջոցներում առկա են լրատվական կայքի՝ աղբյուրների գաղտնիություն պարունակող աշխատանքային և արխիվային նյութերի մասով այն դեպքում, երբ պարզաբանման համար փորձագետներին առաջադրվել են տեխնիկական միջոցներում Ս.Խաչատրյանի և Ա.Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրառման և գաղտնալսման հետ կապված հարցեր, այլ կերպ ասած՝ փորձագիտական հետազոտության օբյեկտ են հանդիսացել բացառապես վերոհիշյալ ձայնագրությունների հետ կապված՝ տեխնիկական միջոցներում առկա նյութերը:

ՀՀ քննչական կոմիտեն ըմբռնումով է ընդունում փաստարկված բացասական կարծիքի և դատողությունների արտահայտումն լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կողմից: Սակայն, դա բոլորովին չի նշանակում, որ լրատվամիջոցներն իրավունք ունեն տարածելու տեղեկատվություն, որը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև արատավորում է ՀՀ քննչական կոմիտեի գործարար համբավը:

Տեղեկացնում ենք, որ հոդվածում տպագրված տեղեկատվություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և իրենց մեջ պարունակում են իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Միաժամանակ, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Ղեկավարվելով վերոհիշյալ հոդվածների դրույթներով՝ առաջարկում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան հերքել տարածված ապատեղեկատվությունը:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների: 
 
Այս առումով հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա։

Երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76)։

Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45)։

Անդրադառնալով քաղաքական գործիչների և հանրային ծառայողների նկատմամբ քննադատության սահմանների հարցին` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ հանրային ծառայողների նկատմամբ ևս, ինչպես որ քաղաքական գործիչների դեպքում է, ընդունելի են քննադատության ավելի լայն սահմաններ։

Այնուամենայնիվ, հանրային ծառայողները՝ ներառյալ դատավորները, դատախազները, ոստիկանները, իրականացնում են հատուկ լիազորություններ և պետք է ունենան հանրային վստահություն, հետևաբար նրանք պետք է պաշտպանված լինեն վիրավորական և զրպարտչական հարձակումներից (տե՛ս Յանովսկին ընդդեմ Լեհաստանի 21.01.1999 թվականի վճիռը, կետ 33)։

Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն, նման քննադատությունն ընդունելի կարող է համարվել, եթե այն արտահայտվել է վերջիններիս գործունեության առնչությամբ և չի գերազանցում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատված սահմանափակումները։ 
Խոսքի ազատության սահմանափակումները նախատեսված են թե՛ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում, թե՛ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետում, թե՛ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 2-րդ կետում։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը` պահանջում ենք https://yerevan.today/ կայքէջում հրապարակել հերքում հետևյալ բովանդակությամբ՝

«Հերքում
17.06.2019թ.-ի «Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ստում է և խուսափում պատասխանից» վերտառությամբ հոդվածում հրապարակվող նյութի վերաբերյալ հայցում ենք մեր ներողամտությունը՝ լրատվության էթիկայի շրջանակներից դուրս գալու, ՀՀ քննչական կոմիտեի և մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մասին իրականությանը չհամապատասխանող, անբարեխիղճ և ոչ հավասարակշռված տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև` նախաքննության ընթացքի վերաբերյալ անճշտություններ տարածելու համար:»: 

Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի