Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ (լրացված)

29.04.2020 19:56

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գավառ քաղաքում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների հանագամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք),  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

Պարզվել էր նաև, որ նույն օրը՝ ժամեր անց, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել են սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանների միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Բացի այդ, նրանք, շրջափակելով Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրելով այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք էին գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը:

Հիշեցնենք նաև, որ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում վնասվածքներ են ստացել նաև Հ.Հակոբյանը, Ա.Պետրոսյանը, Ա.Սարգսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը:

Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված քննչական խմբին:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահի դրությամբ ձերբակալվել է 15 անձ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական  տալու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի