Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավելի քան մեկ տարի առաջ Դսեղ գյուղում կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան

14.07.2020 12:01

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Դսեղ գյուղի 33-ամյա բնակչի նկատմամբ համագյուղացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ 2019 թ. մարտի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Դսեղ գյուղի 38-ամյա բնակիչն իր կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով գյուղի սկզբնամասում հանդիպել է հանդիպակաց ուղեմասով ընթացող իր համագյուղացուն, կանգնել է նրա ավտոմեքենայի կողքին ու պատուհանից զրուցել վերջինիս հետ:

Այդ ընթացքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով նրանց է մոտեցել ընկերոջ հետ գյուղ վերադարձող իր մեկ այլ՝ 33-ամյա համագյուղացին: Վերջինս, տեսնելով, որ ճանապարհի երթևեկելի հատվածը փակ է, հնարավոր կոնֆլիկտից խուսափելու նպատակով, նրանց շրջանցել ու առաջ է ընթացել:

Տեսնելով այդ ամենը՝ 38-ամյա տղամարդը, նշված չնչին առիթով իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, իրեն շրջապատին հակադրելու և հակազդելու ցանկությամբ, խուլիգանական դրդումներով, հետապնդել և գյուղի հրապարակում կանգնեցրել է 33-ամյա համագյուղացուն, ձեռքով հարվածել է  նրա դեմքին, այնուհետև իր մոտ պահվող դանակով հարվածել վերջինիս աչքին` նրան պատճառելով ձախից ստորակնակապճային շրջանի կտրած վերք:

Միջադեպին միջամտել և դանակը խլել է 33-ամյա տղամարդու՝ նույն ավտոմեքենայում գտնվող նրա ընկերը, որից հետո տուժողը միայնակ ճանապարհվել է դեպի տուն, սակայն 38-ամյա համագյուղացին շարունակել է ավտոմեքենայով հետապնդել նրան և փորձել վազանց կատարել:

Տուն գնալով՝ 33-ամյա դսեղցին հիշել է, որ ընկերը մնացել է 38-ամյա համագյուղացու հետ և մտածելով, որ վերջինս հնարավոր է նրան ևս վնասի, կրկին վերադարձել է գյուղամեջ:

Նկատելով հետ վերադարձած համագյուղացուն՝ 38-ամյա տղամարդը մոտեցել է նրան ու պահանջել բացել ավտոմեքենայի դուռը, իսկ երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, իր ձեռքին գտնվող ծակող-կտրող նույն գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երեք անգամ հարվածել է նրա ձախ կողքին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այդ պահին օգնության են հասել դեպքին ականատես համագյուղացիները և վերջինիս տեղափոխել գյուղի ամբուլատորիա: 38-ամյա տղամարդը, նպատակ հետապնդելով ավարտին հասցնել  հանցավոր մտադրությունը,  հետևելով նրանց, գնացել է ամբուլատորիա, հայհոյել ու սպառնացել է սպանել և դանակը ձեռքին մոտեցել է տուժողին, սակայն համագյուղացիներից մեկը թույլ չի տվել, որից հետո նա հեռացել է՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դսեղ գյուղի 38-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 10-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միևնույն ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրյալի պաշտպանների՝ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի