Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար

25.02.2016 12:25


ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության  տեսուչներ Գ.Մովսիսյանը և Գ.Կարապետյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս,  Բաշինջաղյան փողոցում նկատել են, որ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի վերաբերյալ տեղում արձանագրություն են կազմել:

Վարորդը և ուղևորն անհամաձայնություն են հայտնել` կազմված ակտի կապակցությամբ և վիճաբանել ոստիկանության տեսուչների հետ, քաշքշել և մարմնական վնասվածքներ են հասցրել վերջիններիս։

Ըստ քննության տվյալների՝  վարորդն ու ուղևորը վերցրել են արձանագրությունը, ճմռթել այն, ապա՝ նստել ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Ճանապարհային ոստիկանության տեսուչները հետապնդել են նրանց և բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի  1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Քննիչը միջնորդույթուն է ներկայացրել դատարան՝ Վ.Սաղումյանի և Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի