Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ոստիկանության վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու աձի, երեք անձ ճանաչվել է տուժող

24.08.2018 15:15

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել երկու անձի։

Նախնական տվյալներով՝ լույս օգոստոսի 14-ի գիշերը մի խումբ անձինք հավաքվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի մոտ՝ «Կոմայգի» կոչվող վայրում մի քաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության մասին բարձրաձայնելու համար: Նշված անձինք աղմկել են, հայհոյանքներ հնչեցրել, ինչի կապակցությամբ հարակից շենքի բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո նրանցից երկուսը վիճաբանել են քաղաքացու հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ մահակի կիրառմամբ:

Միջադեպին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, որոնց նկատմամբ ևս բռնություն է գործադրվել։ Քաշքշուկը շարունակվել է նաև ոստիկանության բաժնի վարչական շենքում, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցվել ոստիկանության երկու աշխատակցի մարմնի տարբեր մասերին, պատռել նրանցից մեկի համազգեստի շապիկը և ուսադիրը:

Քրեական գործով երեք անձ՝ բնակիչը և ոստիկանության երկու ծառայող, ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկին օգոստոսի 16-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ մյուսին օգոստոսի 21-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի