Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Բացահայտվել է 46-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

09.04.2019 10:41

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան  քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի՝ 30-ամյա բնակիչը:

2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի բնակիչը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, եղբայրը՝ Արսեն Սարդարյանը՝ ծնված 1973 թվականին, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և անհետ կորել: Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հիշյալ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ այդ պահին նշված ավտոմեքենան վարող անձը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թվականին, Արսեն Սարդարյանի անհետանալու օրը նրա հետ ուղևորվել է Ալավերդի:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը վիճաբանել է Արսեն Սարդարյանի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, նույն ավտոմեքենայով դիակը տեղափոխել է Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող ամայի վայր և այրել, որից հետո այրված դին տեղափոխել է Լոռու մարզի Աքորի գյուղի ճանապարհին կից գտնվող դաշտավայր և թաքցրել հողի ու տերևների տակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  2019 թվականի ապրիլի 7-ին հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի ապրիլի 7-ին Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ՝ հայտնելով նաև դիակի գտնվելու վայրի մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի