Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Ավարտվել է երիտասարդների կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. գործը դատարանում է

03.12.2019 16:18

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դատավոր Ա.Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 1993 թվականին ծնված երիտասարդը ընկերոջ հետ՝ ծնված 1991 թվականին, ծրագրված գործողությունների միջոցով, այն է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Ա.Դանիբեկյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու եղանակով, փորձել են ազդել դատավորի կողմից կոնկրետ քրեական գործով հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

Քննության տվյալներով՝ երիտասարդները, նախապես տեղեկանալով դատավոր Ա.Դանիբեկյանի՝ ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, գնացել են ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն դատավորին, հանդիպումը տեսաձայնագրեն և այն ուղիղ կապի միջոցով «Փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Ա.Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը` ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում, կրկին հետապնդել են դատավոր Ա.Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով՝ հարցեր տվել դատավորի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից՝ նրա նկատմամբ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինակ միավորվելով:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի