Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

Երևանի անչափահաս բնակիչը դանակահարվել է ոչ թե բողոքի ակցիայի ժամանակ, այլ` Նորքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում

08.08.2016 18:27

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ 17-ամյա պատանին դանակահարվել է ոչ թե Օպերային հարող տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի, այլ՝ Նորքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 22:45-ին, «Արմենիա» ԲԿ-ից  ահազանգ էր ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է  դիմել  Երևան քաղաքի բնակիչ, 1998թ սեպտեմբեր ամսին  ծնված մի պատանի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Պատանին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ։ Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ  հուլիսի 30-ին մասնակցել է Ազատության հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային, ապա դրան հաջորդած երթին և, հասնելով Ֆրանսիական հրապարակ, ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում, որի ժամանակ էլ գոտկային հատվածում ցավ է զգացել։

Քրեական գործով ձեռնարկվել են բազմածավալ քննչական գործողություններ՝ տուժողի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում, բավարար արացույցներ են ձեռք բերվել, որ իրականում պատանին դանակահարվել է ոչ թե բողոքի ակցիայի ժամանակ, այլ՝ բոլորովին այլ վայրում՝ Նորքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի և նախկինում համապատասխան բուժհաստատությունում ստացել է բուժում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի