Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ծանոթացել է Սյունիքի մարզային քննչական վարչության՝ նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներին (լուսանկարներ)

25.02.2019 16:35

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցը ներկայացրել է 2018 թվականի ընթացքում մարզային քննչական վարչության կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով:

Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում՝ Սյունիքի մարզային քննչական վարչությունում փաստացի աշխատել է 13 քննիչ, քննվել է 475 քրեական գործ՝ նախորդ տարվա 381 գործի դիմաց: Վարույթում քննված 475 քրեական գործերից 234 գործի վարույթ կամ 49,2% ավարտվել է:

Հաշվետու ժամանակաշրջանում քննչական վարչության վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 94-ով կամ 24,6%-ով, ինչը նաև պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կրկնակի աճով:

ՀՀ ՔԿ նախագահը տեղում ուսումնասիրել է քրեական գործերի քանակական աճի պատճառները և տվել կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության արդյունավետ կազմակերպման համար:

«Այս ընթացքում նկատվում է քրեական գործերի, հետևապես նաև՝ քննիչների ծանրաբեռնվածության աճ։ Նման պայմաններում ստորաբաժանումների ղեկավարները տեղերում պետք է վերանայեն աշխատանքի կազմակերպման մեթոդները: Անթույլատրելի է, երբ քննիչների ծանրաբեռնվածությանը զուգահեռ ստորաբաժանման ղեկավարների վարույթում քննվող գործերը ընդամենը մի քանիսը լինեն: Քննիչների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի վարչության և բաժնի պետերն իրենց վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացնեն: Բոլորդ քննիչներ եք և ձեր մասնագիտական կարողություններով պետք է օգնեք մյուսներին»,- դիմելով մարզի ստորաբաժանման ղեկավարին՝ ասաց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը Սյունիքի մարզային քննչական վարչության անձնակազմին տեղեկացրել է, որ գարնանը քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով անցկացվելու է ատեստավորում:

«Ոչինչ հաշվի չի առնվելու՝ բացի ձեր մասնագիտական գիտելիքներից: Ոչ մի զիջում չի լինելու: Եթե քննիչն իր վարույթում գտնվող քրեական գործերի հանդեպ դրսևորի անփութություն, ապա մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանալու: Թերություններն ի հայտ բերելու նպատակը պատժելը չէ, այլ՝ նախաքննության արդյունավետության բարձրացումը»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը փաստեց, որ աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է կոլեկտիվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը. «Պետք է ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որպեսզի աշխատակիցներն հաճույքով գան աշխատանքի և աշխատավայրում տիրող մթնոլորտը նրանց չխանգարի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում»,- շեշտեց Հայկ Գրիգորյանը:


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի