Գլխավոր էջԳլխավոր էջ
Քննչական կոմիտեի հասցեն
ք. Երևան, Մամիկոնյանց 46/5+374(11) 880-151
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ (լուսանկարներ)

27.02.2019 11:21

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական  վարչության  կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:

Կոտայքի  մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:

2018թ. ընթացքում Կոտայքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 1576 քրեական գործ /նախորդ 2017թվականի 1235-ի դիմաց/, աճը կազմել է 341 քրեական գործ կամ 27,6 %:

2018թ. ընթացքում սպանության դեպք չի արձանագրվել, 2017թ. ընթացքում արձանագրվել է սպանության 7 դեպք:

Պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2018 թվականին քննվել է 24 քրեական գործ /25 անձ /՝ 2017 թվականի 9 քրեական գործի դիմաց:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, նախաքննության որակի բարձրացման, քննության օպերատիվության, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել  հանձնարարականներ:

ՔԿ նախագահը նշել է, որ ստորաբաժանման ղեկավարը քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ պարբերաբար պետք է անցկացնի խորհրդակցություններ՝ անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման,  քրեական գործերի քննության ընթացքի,  ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:

«Գիտելիքների կատարելագործմանն է ուղղված նաև գարնանը սպասվող քննիչների ատեստավորումը: Ոչ մի զիջում չի լինելու այն անձի նկատմամբ, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չէ»,- ասաց ՔԿ նախագահը և հորդորեց մասնագիտական գիտելիքները կատարելագործել ամենօրյա  ռեժիմով:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է նաև քաղաքացիների ընդունելություններին՝ նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:

«Քաղաքացին, ի դեմս ձեզ, տեսնում է պետություն և ձեր կողմից յուրաքանչյուր ոչ կոռեկտ վարքագիծ նույնացվում է համակարգի և պետության հետ: Մենք ենք ժողովրդի ծառան  և պարտավոր ենք մեր ծառայությունը բարձր մակարդակով կատարել»,- շեշտել է ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը Կոտայքի  մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատել է գերազանց և վարչության  պետին հանձնարարել  ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:

 

 

 

 

 


Մեկնաբանություններ
Ձեր էլ.հասցեն մնում է գաղտնի